ՀՀ առողջապահության նախարարությունը նախատեսել է 2 ամսից «Գարդասիլ»-ով պատվաստումներ` սկսելով այն մեր 13-ամյա աղջիկներից
Անպտղություն, վիժումներ, նյարդային համակարգի խանգարումներ,
վերարտադրողական գործառույթի խանգարումներ, հոդացավեր, գլխացավեր… Ահա այն
հետևանքների ոչ լրիվ ցանկը, որոնց կարող է հանգեցնել «Գարդասիլ»
պատվաստանյութի կիրառումը: Ստորև ներկայացնում ենք «Լույս» տեղեկատվական-
վերլուծական կենտրոնի ղեկավար, երկու դուստրի ծնող Հայկ Այվազյանի
փաստարկները մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստանյութի վտանգավորության
վերաբերյալ: Գաղտնիք չէ, որ Հայաստանում ոլորտի մասնագետները խուսափում են
խոսել այս մասին` հիմնականում վախենալով իրենց աշխատանքը կորցնելուց,
որոշներն էլ արտերկրում արձանագրված իրողություններին անտեղյակ լինելով:
ՀՀ առողջապահության նախարարությունն, ինչպես արդեն տեղեկացրել ենք,
նախատեսել է 2017թ. դեկտեմբերից մարդու պապիլոմայի վիրուսի (ՄՊՎ, անգլերեն
հապավումը` HPV) դեմ «Գարդասիլ» պատվաստանյութով պատվաստումներ իրականացնել
Հայաստանի աղջիկների ու կանանց շրջանում (նույնիսկ 13 տարեկան
դեռահասներից սկսած):
«Նույնքան նախանձախնդիր եմ, որպեսզի այն վտանգները, որոնց վերաբերյալ մենք
բարձրաձայնում ենք, չեզոքացվեն,- ասում է Հայկ Այվազյանը:- Գնալով մենք
համոզվում ենք, որ մեր փաստարկներն առավել քան հիմնավոր են»:
Ըստ Հայկ Այվազյանի, ՄՊՎ-ի դեմ ՀՀ առողջապահության նախարարության
նախատեսած պատվաստումների կապակցությամբ, որոնք մտադիր են սկսել առաջիկա
դեկտեմբերից, իրենք որոշակիորեն ուսումնասիրել են, թե ինչ կիրառում է
ստացել ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութն աշխարհում, ինչ արձագանքներ կան:
«Հայտնաբերեցինք, որ աշխարհում այդ պատվաստանյութի կիրառման արդյունքում
տարբեր երկրներում առաջացել են բազմաթիվ, տասնյակ հազարավոր կողմնակի
ազդեցություններ, տասնյակ հազարավոր կանանց և աղջիկների մոտ լուրջ
առողջական խնդիրներ են առաջացել, որոնց շարքում են, օրինակ, անպտղությունը,
վիժումները, նյարդային համակարգի խանգարումները, վերարտադրողական
ֆունկցիայի խանգարումները, հոդացավերը, գլխացավերը և այլն,- ասում է
«Լույս» տեղեկատվական վերլուծական կենտրոնի ղեկավարը:- Եվ դրա մասին
բարձրաձայնում են ոչ միայն ծնողները, որոնք արդեն ստիպված, ուղղակի
դոկումենտալ ձևով տեսաձայնագրում են այդ ամենը, թե ինչ վիճակի են հասցրել
իրենց երեխաներին, այլ նաև մասնագետներն ամբողջ աշխարհում` Միացյալ
Նահանգներում, Կանադայում, Ավստրալիայում, եվրոպական երկրներում,
Ճապոնիայում, Ռուսաստանում, Լատինական Ամերիկայի երկրներում, Հնդկաստանում,
նույնիսկ աֆրիկյան երկրներում այս մասին բարձրաձայնել են»:
Որպեսզի իր ասածները վերացական չթվան, Հայկ Այվազյանը վկայակոչում է ԱՄՆ-ի կառավարության VAERS տվյալների շտեմարանը (բազան):
VAERS-ը Vaccine Adverse Event Reporting System բառերի հապավումն է:
Տվյալների հիշյալ շտեմարանում, Հայկ Այվազյանի տեղեկացմամբ, գրանցվում են
ԱՄՆ-ում կիրառվող պատվաստանյութերի հետևանքով առաջացած կողմնակի
ազդեցությունների դեպքերը:
«Եվ այդ VAERS տվյալների բազայի համաձայն, Միացյալ Նահանգներում գրանցվել է
ավելի քան 50000 դեպք, այդ պատվաստանյութի կողմնակի ազդեցությունների
ավելի քան 50000 դեպք,
և այն բացասական դեպքերը, որոնք նշեցի` վիժումներ, անպտղություն,
նյարդային համակարգի խանգարումներ, հոդացավեր և այլն, այդ ամենը VAERS
բազայում շարադրված են, և աշխարհի շատ մասնագետներ հղում են անում այս
VAERS բազայի տվյալների վրա,- ասում է «Լույս» տեղեկատվական վերլուծական
կենտրոնի ղեկավարը:- VAERS բազայի տվյալների վրա մեջբերումներ են անում,
հղումներ են անում, թվեր են բերում, թե ինչքանով է վտանգավոր այս
պատվաստանյութը, և նաև իրենց հիմնավորումներով կասկածի տակ են դնում այս
պատվաստանյութի անվտանգությունը, ինչպես նաև կասկածի տակ է դրվում`արդյոք
այս պատվաստանյութն, իրոք, կանխարգելո՞ւմ է արգանդի վզիկի քաղցկեղը, թե ոչ:
Սրա հետ կապված ևս կասկածներ կան, որովհետև կան թվեր, իրարամերժ թվեր, մեր
պաշտոնյաները մի թիվ են ասում, ԱՄՆ կառավարության կայքերում այլ թվեր են
հանդիպում, այլ հետազոտության արդյունքներ, և այս ամենը մտահոգության տեղիք
է տալիս»:
Հայկ Այվազյանը, որպես հավելում, ցույց է տալիս մի գրաֆիկ, որը կազմվել է
հենց VAERS տվյալների շտեմարանի հիման վրա: «Լույս» տեղեկատվական
վերլուծական կենտրոնի ղեկավարի տեղեկացմամբ, Արևմուտքի մասնագետները
հավաքելով VAERS շտեմարանի տվյալները, հայտնաբերել են, որ մարդու
պապիլոմայի վիրուսի դեմ նախատեսված «Գարդասիլ» և «Ցերվարիկս»
պատվաստանյութերի հետևանքով առաջացած, օրինակ, վիժումների քանակը 2006-2013
թթ. ժամանակահատվածում 4 անգամ ավելի շատ է, քան մյուս բոլոր
պատվաստանյութերի առաջացրած վիժումների քանակը միասին վերցված: Նույնը
վերաբերվում է անպտղության դեպքերին, որոնք նույնպես գրեթե 4 անգամ ավելի
շատ են, նույնը վերաբերվում է նաև այդ պատվաստանյութերի հետևանքով
հաշմանդամության դեպքերին, որոնք մեկուկես անգամ ավելի շատ են, քան մյուս
բոլոր պատվաստանյութերի կիրառման հետևանքով առաջացած հաշմանդամության
դեպքերը միասին վերցված:
«Հետևաբար այս բոլոր փաստարկները մեզ հիմք են տալիս մտածելու, որ այս
պատվաստանյութը վտանգավոր է,- ասում է Հայկ Այվազյանը:- Կան նաև բազմաթիվ
փաստեր, երբ որ տարբեր երկրներում կիրառվել է և կիրառելուց անմիջապես հետո
առաջացած ծանր հետևանքներից հետո այդ երկրների կառավարությունները որոշում
են կայացրել դադարեցնել պատվաստումները»:
Արթուր Հովհաննիսյան
Արթուր Հովհաննիսյան
Նոյյան տապան
- Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Комментариев нет:
Отправить комментарий