воскресенье, 15 октября 2017 г.

Հետիոտնին մահացու վրաերթի ենթարկելու համար Մեծամորի գյուղապետը դատապարտվեց պայմանական ազատազրկման

Արմավիրի մարզում 91-ամյա հետիոտնին մահացու վրաերթի ենթարկելու մեջ մեղադրվող՝ Մեծամորի համայնքի ղեկավար Էդվարդ Միրզոյանը դատապարտվեց պայմանական ազատազրկման:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Միրզոյանը մարտի 11-ին առավոտյան իր ծառայողական մեքենայով Մայիսյան գյուղի մոտ, նկատելով ճանապարհը հատող հետիոտնին, ընթացքը ժամանակին կատարված արգելակումով չի դանդաղեցրել եւ հնարավորություն չի տվել տարեց հետիոտնին դուրս գալ վտանգավոր գոտուց, ինչի հետեւանքով վրաերթի է ենթարկել նրան եւ անզգուշությամբ պատճառել մահ:
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում գյուղապետը միջնորդել է դատաքննությունն անցկացնել արագացված կարգով՝ նշելով, որ ամբողջությամբ ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը:
Դատարանը Միրզոյանին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով եւ դատապարտել 1 տարվա պայմանական ազատազրկման:
Ավելի վաղ հայտնել էինք, որ  2017թ. մարտի 11 մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Մեծամորի համայնքապետ, 56-ամյա Էդվարդ Միրզոյանը վրաերթի է ենթարկել հետիոտն, Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի բնակիչ, 91-ամյա Ժաժկով Կ.-ին: Վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է Մեծամորի բժշկական կենտրոն, որտեղ 1,5 ժամ անց վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով՝ մահացել է։

Комментариев нет:

Отправить комментарий