среда, 25 октября 2017 г.

Շատ եմ հավանել Վարդավառը, բայց չեմ կարող այն նշել ԱՄՆ-ում, ինձ դրա համար դատի կտան. Միլս

Ես Հայաստանը համարում եմ արեւմտյան հասարակություն, իսկ որպես դիվանագետ՝ միշտ ուրախալի է տեսնել, որ ընդհանուր արժեքները շատ են, եւ դա միշտ ողջունելի է, թույլ է տալիս մեզ մի փոքր տանը զգալ։ Այս մասին «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում նշել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:
«Ասեմ, թե ինչն է տարբեր։ Սնունդը։ Միացյալ Նահանգներում մարդիկ շատ մեծ ուշադրություն են դարձնում սննդին, ամեն տեղ կալորիաներ են հաշվում։ Իսկ Հայաստանում շատ ուտելիք, համեղ ուտելիք կա, մարդիկ շատ հյուրասեր են, ամեն տեղ առաջարկում են՝ ուր էլ, որ գնաս։ Դա է պատճառը, որ այստեղ գտնվելու ընթացքում, ես մի փոքր քաշ եմ հավաքել։
Այո, շատ են նմանությունները եւ դրա հետ մեկտեղ շատ են նաեւ տարբերությունները։ Շատ հետաքրքիր է հայաստանյան եկեղեցական երգչախմբերին լսել, հաց թխելը տեսնել, հայկական ձեռագործ աշխատանքներն են շատ հետաքրքիր, արհեստագործների աշխատանքները։ Եվ ես շատ ուրախ եմ, որ մենք «Իմ Հայաստան» ծրագիրը նախաձեռնեցինք Սմիթսոնյան հաստատության հետ միասին։ Այդ ծրագիրը նախատեսված է, որ գյուղական բնակավայրերում զբոսաշրջային ենթակառուցվածքները բարելավվեն, եւ Հայաստանը հասանելի դառնա զբոսաշրջային շրջանակների համար։ Աշխարհին ներկայացնելու, պատմելու շատ բաներ ունի Հայաստանը։
Վերջերս ես Արենիի քարանձավում էի։ Մի ծրագիր էր իրականացվել մեր աջակցությամբ, որով ապահովվել էր ցուցանակների տեղադրում, բազրիքների տեղադրում, լուսավորություն, ինչն այդ վայրն առավել գրավիչ է դարձնում զբոսաշրջիկների համար։ Եվ ես ուրախ եմ, որ կա այդ ծրագիրը, որը կփորձի նպաստել զբոսաշրջության զարգացմանը եւ Հայաստանի պատմությունը շատերին հասանելի կդարձնի։ Ես նաեւ գինեգործ ընկերներ ունեմ, ովքեր շուտով գալու են Հայաստան՝ գինեգործության ոլորտին ծանոթանալու։ Սա զարգացում ապրող, աճող ոլորտ է։ Շատ հետաքրքիր է լսել այստեղ գինեգործության պատմությունը, ծանոթանալ դրա ակունքներին, ինչն էլ ներակայացվելու ու է զբոսաշրջիկներին»,-ընդգծել է Միլսը:
Հարցին, թե հայկական ի՞նչ սովորություններ կան, որոնք կուզենան իր հետ տանել եւ նշել ԱՄՆ-ում, դեսպանը պատասխանել է.
«Մի հայկական ավանդույթ ես իրոք շատ հավանել եմ, բայց Նահանգներ չեմ կարող դա տանել, որովհետեւ ինձ դրա համար դատի կտան։ Դա Վարդավառի տոնն է, երբ մարդիկ միմյանց վրա ջուր են լցնում։ Մեկ այլ ավանդույթ, որ ինձ շատ դուր է գալիս, Սուրբծննդյան տոներն են Հայաստանում։ Այստեղ մարդիկ այդ օրերին ավելի շատ ընտանիքի հետ են լինում, ընտանեկան հավաքներ են անցկացնում, նշում են տոնը ընկերների, բարեկամների հետ, ճաշում են, մի բաժակ կոնյակ են խմում։ Սուրբծննդյան տոնի ուղղվածությունը մեզ մոտ մի փոքր այլ է»:

Комментариев нет:

Отправить комментарий